Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աստիճանաբար վերածվում ենք իրավական պոետների

Աստիճանաբար վերածվում ենք իրավական պոետների
23.11.2026 | 19:52

Մի քիչ անկեղծ

Այստեղ կարող էր լինել Նոր Սահմանադրության տեքստի խորաքննին և նույնքան կրակոտ մի քննադատություն, եթե կուզեք՝ իրավական շանթահարում:

Բայց պետք է անկեղծորեն խոստովանել, որ մենք` իրավաբաններս, պատմաքաղաքական բախտորոշ ժամանակներում վերածվում ենք տառերի և բառերի միջակայքում արդարություն փնտրող անհույս վերծանողների։

Մենք` քաջատեղյակ բոլոր ուսմունքներին և դոկտրիններին, բոլոր աքսիոմներին ու մաքսիմներին, ուղեղին հասանելի և դժվարըմբռնելի ու տրանսցենդենտալ թեզերին, մեր զինանոցից կհանենք բոլոր իրավական մարտագլխիկները և կջախջախենք տեքստը, կռիվ կտանք բառի հետ, բարոյական հաղթանակ կտանենք տառերի կամայական դասավորության դեմ, բայց հաճախ՝ միայն այդքանը։

Մենք, մեր արդար կեցվածքից լիացած, ինքներս մեզնից գոհացած, մարտը շահած զորավարի հպարտությամբ, վերջին զինվորի աննահանջ համառությամբ կկռվենք հերթական անարդարության դեմ։ Կփոխենք տառի ձևը, կվիճարկենք նորմի և դրույթի իրավաչափությունը, կքննենք իբրև միջնադարյան Մեծ Դատավոր, մի պահ չզգալով որ աստիճանաբար վերածվում ենք իրավական պոետների, օրինակ, գուսան Ջեֆերսոն։ Շատ պոետիկ է, չէ՞, հնչում։

Այսքան հոգնեցնող տեքստեր, որ մենք ենք գրում, ջնջում, կազմում, խմբագրում։ Մենք չենք ձանձրանում մեր ձանձրույթից, չենք հոգնում մեր հոգնությունից, պայքարում ենք մինչև վերջին տառը՝ պայքար, պայքար մինչև վերջ։

Ծնկի բերելու մեր պարզաբանումներով ու դրանց կից մեկնաբանությսւններով, մեր վերծանումներով ու դրանց կից վերլուծություններով, մեր առարկություններով և դրանց կից աջաջարկություններով, մեր հորդորներով ու հորդորումներով, թեև դրանց մեջ ի՞նչ տարբերություն։

Այսքանը:

Հ.Գ.

Այստեղ կարող էր լինել նաև իմ Հուժկու Պատասխանը, բայց դա՝ հաջորդիվ...

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ